ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ադրբեջանի քաղաքականությունը անընդունելի է թե Արցախի, թե ՀՀ իշխանությունների համար

Ադրբեջանի քաղաքականությունը անընդունելի է թե Արցախի, թե ՀՀ իշխանությունների համար
04.09.2015 | 10:41

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են սահմանային բնակավայրերի վիճակի հարցը, անվտանգության խնդիրները, սահմանադրական բարեփոխումների ընթացքը՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ սահմանին իրավիճակը վերահսկելի է։
«Բնականաբար Ադրբեջանը վերջին տարիներին իրականացնում է մի քաղաքականություն, որը դատապարտելի է ու անընդունելի։ Սա քաղաքականություն է, որը միտված է խոչընդոտելու բանակցային գործընթացը։ Սա անընդունելի է թե Արցախի, թե ՀՀ իշխանությունների համար։ Մեզ համար ընդունելի ձևաչափը բացառապես Մինսկի խմբի համանախագահությամբ խնդրի բացառապես խաղաղ կարգավորումն է, ու մենք դատապարտելի ենք համարում Ադրբեջանի նման դիրքորոշումը»,- ասել է նա։ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ կքննարկվի վնասված գյուղերին փոխհատուցելու կամ օժանդակելու հարցը։ «Այսօր հերոսություն է սահմանամերձ բնակավայրերում ապրելը, և մեր բոլորիս ուշադրության կենտրոնում պետք է լինեն այդ մարդիկ»,-ասաց նա և ցավակցություն հայտնեց այսօր զոհված պայմանագրային զինծառայողների հարազատներին։ «Ցանկացած կորուստ՝ լինի Հայաստանից, թե Ադրբեջանից, պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են»,- ասաց նա։
Հարցին, թե ինչի հետ է կապված վերջին երկու օրերին հակառակորդի ակտիվությունը՝ մեկնարկած զորավարժությունների՞, թե՞ Անկախության օրվա, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը սահմանային լարվածություն է իրականացնում, ինչը կարելի է տարբեր բաների հետ կապել, ընդհուպ մինչև ներքաղաքական խնդիրների։ Մենք գիտենք, որ Ադրբեջանն ունի լուրջ ներքաղաքական խնդիրներ, և հնարավոր է, որ հանրության ուշադրությունը ներքաղաքական խնդիրներից փորձում է սևեռել դեպի ղարաբաղյան խնդիր»։ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ այստեղ անելիք ունեն միջազգային կառույցները։

Դիտվել է՝ 1192

Մեկնաբանություններ